20 հուլիսի 2016 - 11:00 AMT
Հուլիսի 23-ին կվերաբացվի գյուղմթերքի տոնավաճառը Մաշտոցի պողոտայում

Հուլիսի 23-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտային հարող տարածքում («Մալիբու» սրճարանի հարևանությամբ) կվերաբացվի գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը:

Տոնավաճառը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին:

Կասյան փողոցի վերջնամասում գործող տոնավաճառը վերաբացվել է հունիսի 11-ին: Բացման պահից մինչ օրս այստեղ կազմակերպվել է 12 տոնավաճառ, որին մասնակցել են 1740 գյուղացիական տնտեսություններ: Օրական իրացվել է շուրջ 40-50 տոննա գյուղմթերք:

Տոնավաճառին մասնակցում են ՀՀ տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը: Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադրում է նաև հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ և սայլակներ:

Տոնավաճառն անցկացվում է 2011 թվականից, գյուղատնտեսական մթերք արտադրողների համար տոնավաճառին մասնակցելու պայմաններն անփոփոխ են:

Մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:

Տոնավաճառի ավարտին կազմակերպվում են տարածքի մաքրման աշխատանքներ, հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: