Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հաստատել է սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ռազմական ցուցահանդեսի հայեցակարգը, նախապատրաստման ու անցկացման միջոցառումների պլանը։
Ինչպես հայտնում էն ՊՆ մամուլի ծառայությունից, ցուցահանդեսի թարմացված թեմատիկ ցանկն ընդգրկում է սպառազինությունների և ռազմականտեխնիկայի գործնականում կիրառվող ողջ տեսականին: Առաջին պլանում է լինելու նորարարական տեխնոլոգիաների և բարձր ճշգրտության զենքի մշակումները։
«Ցուցահանդեսն ընդգրկում է մարտի կառավարման համակարգեր, հաղորդակցման կապի միջոցներ և համակարգեր, զորքերի կառավարման ավտոմատ համակարգեր, ռոբոտատեխնիկական համակարգեր, անօդաչու ավիացիա,թռչող ապարատներ և համակարգեր, անօդաչու ավիացիայի հետ պայքարի տեխնոլոգիաներ, հայտնաբերման, որոնման և զննման միջոցներ, ճշգրիտ զենք, լազերային տեխնոլոգիաներ, օպտիկական-էլեկտրոնային սարքավորումներ եւ համակարգեր, ՀՕՊ միջոցներ, ռադիոհետախուզության, ռադիոէլեկտրոնային պայքարի և ռադիոհակազդման միջոցներ, «Ապագայի զինվորի» սպառազինություն, տեխնոլոգիաներ, հանդերձանք և այլ թեմատիկ բաժինները», - նշվում է հաղորդագրությունում:
«Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանի և այլ երկրների նորագույն ռազմական տեխնիկան, ռազմարդյունաբերության նորարարական մշակումները: Միջոցառումն առաջացրել է մասնագետների մեծ հետաքրքրությունը՝ բացելով նոր հնարավորություններ առաջավոր փորձի փոխանակման համար, ինչպես նաեւ զգալի ներդրում ունենալով Հայաստանի Հանրապետության միջազգային ռազմատեխնիկական համագործակցության ընդլայմանն ու արտահանման ներուժի ամրապնդմանը»,-ասվում է հաղորդագրությունում։
«Արմհայտեք-2016» միջազգային ցուցահանդեսի կազմակերպումն ընդգրկվել է հոկտեմբերին Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթաժողովի անցկացման միջոցառումների պլանում:
Ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերի 13-ից 15-ը: