Հաշվի առնելով Մովսես Խորենացի փողոցի Սարի թաղ բարձրացող ճանապարհի սկզբնամասից մինչև Սասունցի Դավիթ փողոցն ընկած միջանկյալ հատվածն անորոշ ժամանակով փակ լինելու հանգամանքը և Սարի թաղն սպասարկող հասարակական տրանսպորտի խաթարված աշխատանքի հետ կապված լուծումներ գտնելու համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված տարածքի բնակիչների դիմումը, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ աշխատակազմի տրանսպորտի վարչության պատասխանատուները հարցը քննարկել են սպասարկումն իրականացնող ընկերության տնօրինության հետ, որի արդյունքում համաձայնություն է ձեռքբերվել տվյալ երթուղին ժամանակավորապես շահագործել հետևյալ ուղեգծով.
Սարի թաղի հհ. 12, 5, 3, 20, 27 փողոցներ - Դավիթ Բեկի - Ազատամարտիկների - Սասունցի Դավթի փողոցներ - Տիգրան Մեծի պողոտա - «Այրարատ» կ/թ։
Հետադարձը՝ «Այրարատ» կ/թ - Տիգրան Մեծի պողոտա - Մ. Խորենացու -Նար-Դոսի փողոցներ - Տիգրան Մեծի պողոտա - Սասունցի Դավթի - Ազատամարտիկների - Դավիթ Բեկի փողոցներ - Սարի թաղ: Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը և հավելում, որ նման առաջարկով Երևանի քաղաքապետին էր դիմել նաև Մարդու իրավունքների պաշտպանը:
Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։