20 հուլիսի 2016 - 17:04 AMT
«Սասնա ծռերից» 2-ի ծնողները պնդում են՝ նրանք խմբի հետ կապ չունեն.Անդամներից մեկը հերքում է ծնողների խոսքերը

Ոստիկանությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Սասնա ծռերի» անդամներ Էդգար Սողոմոնյանի ու Գարիկ Հովակիմյանի ծնողները հայտարարել են, թե մտավախություն ունեն, որ նրանց երեխաներին տարել են ՊՊԾ գունդ իրենց կամքին հակառակ:

Մասնակիցներից Էդգար Սողոմոնյանի հայր Մերուժանը հայտարարել է, որ իր որդին հարձակումից 3 օր առաջ եկել է ՌԴ-ից ու, հնարավոր է, կամավոր այնտեղ չի գտնվում, ու պատրաստվում էր պարզապես գնալ հանրահավաքի: «Խնդրում եմ՝ ասեք Պավլիկ Մանուկյանին, որ նա զենքի չի տիրապետում... Իրանք ինչ մտադրություն ունեն թող անեն, բայց իմ էրեխուն թող տան ինձ», - ասել է նա:

Նա հայտարարել է նաև, որ որդին 2 օր անց պիտի վերադառնար Դոնի Ռոստով, ու պնդում է, որ իր երեխան զենք չի վերցրել՝ նրան տարել են այնտեղ խաբեությամբ:

Ինքը Էդգար Սողոմոնյանը հայտարարել է, որ գտնվում է «Սասնա ծռերի» հետ կամավոր: »-Դե դա տանն ասելու հարց չէ, դա իմ անձնական հարցն է, գալիս եմ իմ հայրենիքը պաշտպանելու համար, ու պարտադիր չի, որ ասեմ, հետո ես ոնց կարող եմ տանն ասել ուր եմ գնում», - ասել է նա «Գալա»-ին:

Մարինե Պապիկյանը՝ Հովակիմյան Գարիկի մայրը, պատմել է, որ որդին 26 տարեկան է, մշտապես բնակվում է ՌԴ-ում, վերջին անգամ Հայաստանում է եղել 2012-ին և եկել էր անձնագիր փոխելու: Հուլիսի 17-ի առավոտյան նա զանգել-ասել է «ինչ-որ շենքում եմ», չնշելով, թե որտեղ:

Հովակիմյան Գարիկի մեկնաբանությունը դեպքերին դեռևս չկա: