31 հոկտեմբերի 2002 - 18:21 AMT
ԱՆԿԱՐԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՍԱԲԱՐ Է ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎՐԱ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ
Թուրքիայի միակողմանի քաղաքականությունը վերջին տարիներին զուտ բացասական ներգործություն է ունեցել հարավ-կովկասյան տարածաշրջանի անվտանգության հարցերի վրա: Այդ մասին Հարավային Կովկասում անվտանգության հարցերին նվիրված սեմինարի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանայնը: Նրա խոսքերով, Հայաստանը փորձում է փոխել այդ իրավիճակը եւ ապահովել Թուրքիայի դրական ներգրավումը տարածաշրջանային գործընթացներում: «Այս տարի մենք ակտիվացրել ենք երկխոսությունը Թուրքիայի հետ, սակայն նա դեռեւս չի կարողանում հրաժարվել իր նեղ ազգային շահերից եւ նայել հարցերին աշխարհաքաղաքական տեսակետից»,-ընդգծել է նախարարը: Միեւնույն ժամանակ Իրանի կշռադատված քաղաքականությունը, Օսկանյանի խոսքերով, դրական դեր է խաղում Կովկասում խաղաղության եւ կայունության ապահովման գործում: «Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Իրանի հետ հարաբերություններին, եւ մենք ջանալու ենք դրանք պահպանել եւ զարգացնել»,- ասել է նա: