«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին, ով տեղափոխվել էր «Էրեբունի» հիվանդանոց հուլիսի լույս 26-ի գիշերը գնդի մերձակայքում վիրավորվելուց հետո, մեղադրանք է առաջադրվել:
Ինչպես գրում է Tert.am-ը՝ հղում անելով Հարությունյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանին, մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը՝ կազմակերպված խմբի կողմից) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից զենք-զինամթերք շրջանառելը)։
«Հարությունյանն իրեն մեղավոր չի ճանաչում և ցուցմունք չի տալիս»,-ասել է պաշտպանը:
Նույն հոդվածներով մեղադրանք է առաջադրվել նաև Աշոտ Պետրոսյանին, ով ևս վիրավորվել և տեղափոխվել էր հիվանդանոց հուլիսի լույս 26-ի գիշերը, հայտնում է Pastinfo-ն: Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մերի Ալավերդյանը հայտնել է, որ Պետրոսյանը մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել:
Հոդվածները նախատեսում են համապատասխանաբար 6-12 և 3-8 տարվա ազատազրկում: