
Հայր և որդի Պավել և Արամ Մանուկյանների վիճակը գնահատվում է ծանր, իսկ վիրավորված ոստիկանի վիճակը` միջին: Այս մասին լրագրողներին հայտնել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի ղեկավար Հարություն Մանգոյանը:
Ըստ Մանգոյանի՝ Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի մոտ դրական փոփոխություններ կան. մեկ ժամ առաջ անջատվել է արհեստական շնչառության սարքը, ունի պարզ գիտակցություն, գրում է Tert.am-ը:
Իսկ Պավլիկ Մանուկյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր, նա շնչում է արհեստական շնչառական ապարատի օգնությամբ: Մանուկյանն ունի փափուկ հյուսվածքների հրազենային վնասվածքներ, սակայն նա, ըստ բժշկի, դեռ երկար կմնա արհեստական շնչառության սարքին միացված:
Հարցին՝ նրա կյանքին վտանգ սպառնո՞ւմ է, Հարություն Մանգոյանն ասել է, որ եթե վերակենդանացման բաժանմունքում է, ուրեմն սպառնում է: Իսկ հարցին հնարավոր է Պավլիկ Մանուկյանին նոր վիրահատության ենթարկեն, պատասխանել է. «Հուսով ենք, որ ոչ»:
Հուլիսի լույս 27-ի գիշերը ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Դրանից առաջ տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց:
Ավելի ուշ, «Սասնա ծռեր» խումբը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հուլիսի լույս 27-ի գիշերը Ոստիկանությունն առաջինն է կրակ բացել խմբի անդամների ուղղությամբ: