28 հուլիսի 2016 - 17:47 AMT
Պավել Մանուկյանի վիճակը կայուն ծանր է՝ դրական տեղաշարժով

Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում հուլիսի 26-ին վիրավորված «Սասնա ծռեր» խմբավորման առաջնորդ Պավել Մանուկյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ դրական շարժընթացով: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

Նրա խոսքերով՝ Մանուկյանի արհեստական շնչառության ապարատն անջատել են, նա արդեն ինքնուրույն է շնչում:

Հայթայանը նշել է նաև, որ նա դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Մանուկյանին ու նրա որդուն՝ Արամ Մանուկյանին հուլիսի 26-ին հրազենային վիրավորումով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հայր և որդի Մանուկյանները հրազենային վնասվածքներ են ստացել ոտքերի շրջանում: Արամ Մանուկյանին հուլիսի 27-ին «էրեբունի» բժշկական կենտրոնից տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Պավել և Արամ Մանուկյանների պաշտպանությունը ստանձնած փաստաբան Ինեսա Պետրոսյանը եղել է հիվանդասենյակում և հուլիսի 28-ին հայտնել, որ Պավել Մանուկյանը մարտական է տրամադրված և հացադուլ է հայտարարել:

Հուլիսի լույս 27-ի գիշերը ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Դրանից առաջ տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: