Հուլիսի 28-ի՝ 17:00-ի դրությամբ, ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնության տակ հավաքվել է 19 պատգամավորի ստորագրություն, ինչը նշանակում է՝ ժամը 17.00-ին ԱԺ արտահերթ նստաշրջանը չի կայանա, ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է նախաձեռնության հեղինակ՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Մի շարք պատգամավորներ կապվել են մեզ հետ և ասել, որ Երևան վերադառնալուց հետո պատրաստ են ստորագրել նախաձեռնության տակ:
Կարծում եմ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու հարցը պետք է մնա հանրային և քաղաքական կյանքի օրակարգում, որովհետև ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ թե քրեաիրավական, այլ քաղաքական հարց է և պետք է լուծվի քաղաքական քննարկումների և քաղաքական որոշումների տիրույթում», - գրել է Փաշինյանը:
ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է, որ Ազգային ժողովից ձևաթուղթ վերցնելուց 24 ժամվա ընթացքում դրա վրա լինի 44 պատգամավորի ստորագրություն:
Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։