14 հուլիսի 2003 - 23:19 AMT
ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԴՐՎԱԾ ՉԷ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նախագծին Հայաստանի մասնակցության հարցը դրված չէ օրակարգում: Այսօր այդ մասին լրագրողներին է հայտարարել Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն: Նրա կարծիքով, այդ հարցը պետք է լուծվի ադրբեջանական կողմի եւ այն ընկերությունների հետ, որոնք անմիջականորեն իրականացնում են այդ նախագիծը: Հիշեցնենք, որ ԲԹՋ նավթամուղի շինարարության ենթակառուցվածքներին հայկական ընկերությունների մասնակցության հնարավորության մասին խոսք էր գնացել վերջերս Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Տեդո Ջափարիձեի եւ ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանի Երեւանում կայացած հանդիպման ժամանակ: