Հուլիսի 30-ի մոտ 18:00-ին Էրեբունի թաղամասում գտնվող ՊՊԾ գնդի մերձակայքում կրակոցներ են լսվել: Ավելի ուշ հայտնի է դարձել ոստիկանության զորքերի ծառայող Յուրա Տեփանոսյանի զոհվելու մասին: Ազատության հրապարակում գունդը գրաված խմբի աջակիցները հերթական ցույցն են անցկացնում:
Ժամը 23:15-ի սահմաններում ցուցարարներից մեկը Բաղրամյանում ինքնահրկիզման փորձ կատարեց՝ ի նշան բողոքի, բայց կրակը հաջողվեց մարել, սակայն նա այրվածքներ ստացավ:
Մի քանի րոպե անց ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին հրաժարվեց օգնության համար եկած ոստիկանական մեքենա նստել՝ ինքնուրույն ոտքի կանգնելով: Նա հեռացավ Բաղրամյան պողոտայի այն մասից, որտեղ ցուցարարներ են կուտակված: Շտապօգնության մեքենան այդպես էլ չժամանեց:
Քաղաքացուն հավաքի մասնակեցներն օգնեցին տաքսի նստել՝ հիվանդանոց տեղափոխելու համար:
Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 29-ին հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից ցուցարարների մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ոստիկանությունը ցրել է ցույցերը՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ:
Տուժել է 73 քաղաքացի (5-ը՝ ոստիկան, նրանցից մեկը հրազենային վիրավորում է ստացել գնդի մերձակայքում փոխհրաձգության ընթացքում): Բերման է ենթարկվել 165 մարդ, ձերբակալվել է 26-ը: