2 օգոստոսի 2016 - 17:18 AMT
Երկրաշարժ Իրանում. Զգացվել է Մեղրիում 2-3 բալ ուժգնությամբ

Օգոստոսի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 14.15-ին (Գրինվիչի ժամանակով` 10.15-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 38.560 և արևելյան երկայնության 46.670 (Իրանի Իսլամական Հանրապետություն):

Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է քաղաք Մեղրիում 2-3 բալ ուժգնությամբ:

Օգոստոսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 08.46-ին (Գրինվիչի ժամանակով` 04.46) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի տարածքում: Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ տարածքում, մասնավորապես՝ Ստեփանակերտ քաղաքում՝ 3-4 բալ և ՀՀ տարածքում, մասնավորապես՝ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Երևանում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

2015-ի սեպտեմբերի 4-ին՝ տեղական ժամանակով ժամը 08:49-ին, ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցն Ադրբեջանում օջախի 30 կմ խորությամբ և 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ: Էպիկենտրոնը գտնվել է 13 կմ խորությամբ՝ Շեքի քաղաքից 29 կմ դեպի հարավ-արևելք: Զոհեր չեն եղել: Երկրաշարժը զգացվել է Հայաստանի մի շարք բնակավայրերում՝ Երևանում (3-4 բալ), Վանաձորում (2-3 բալ), Ստեփանավանում, Կապանում (3 բալ), Իջևանում, Նոյեմբերյանում (4 բալ), Չորաթանում (3-4 բալ), Այգեձորում (4-5 բալ):

Հուլիսի 12-ին՝ ժամը 14.14-ին 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանամերձ գոտում` էպիկենտրոնը Վրաստանի տարածքում: Երկրաշարժը զգացվել է Հայաստանի հյուսիսային հատվածում՝ Գյումրի, Ստեփանավան և Ալավերդի քաղաքներում՝ 4-5 բալ, Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ: