3 օգոստոսի 2016 - 14:24 AMT
Պոլսահայ ուսուցիչը հեռացվել է աշխատանքից. Պատճառաբանվել է գյուլենական լինելով

Հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո տասնյակ հազարավոր մարդիկ ազատվեցին աշխատանքից: Հեռացումը հիմնավորվում էր գյուլենական համայնքի հետ կապ ունենալու հանգամանքով:

Նույն պատճառաբանությամբ աշխատանքը կորցրել է պոլսահայ ուսուցիչ Արի Հերգելը: Ստամբուլի արվեստի և մասնագիտական կրթության կենտրոնը, որտեղ Հերգելը 8 տարի կիթառ է դասավանդել, հեռախոսի sms հաղորդագրությամբ տեղեկացվել էր աշխատանքից ազատվելու մասին:

Հերգելը «Ակօս» շաբաթաթերթին հայտնել է, որ ինքը չգիտի, թե ինչ հիմքերով են իրեն հեռացրել աշխատանքից, սակայն ստացած հաղորդագրության մեջ որպես պատճառաբանություն նշվում է գյուլենական համայնքի հետ կապի մասին, գրում է Ermenihaber.am-ը:

«Հետագայում ո՛չ ծանուցման մեջ, ո'չ առանձնազրույցի և ո'չ էլ հեռախոսազրույցների ժամանակ այդպես էլ չկարողացա իմանալ, թե ինչ տեղեկությունների կամ փաստաթղթեր հիման վրա են նման որոշում կայացրել», - ասել է Հերգելը:

Պոլսահայ ուսուցիչը նշել է, որ պատրաստվում է դիմել դատարան անօրինական գործընթացը կասեցնելու համար: Ըստ երաժշտի՝ ինքն աշխատանքը կորցնելուց հետո էլ է ի վիճակի իրեն ֆինանսապես ապահովել, բայց նույն հաստատությունում աշխատանքից հեռացված այնպիսի մարդիկ են եղել, որոնց համար այդ աշխատանքը ապրուստի միակ միջոցն էր: Եղել են նաև այնպիսիները, որոնք մի քանի ամսից պիտի անցնեին թոշակի:

Թուրքիայի իշխանությունները նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ գյուլենական համայնքին և նրա ղեկավար ամերիկաբնակ թուրք միլիարդատեր, իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին է մեղադրում հուլիսի 15-ին հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ: