4 օգոստոսի 2016 - 10:41 AMT
Փաստաբան. Ենիգոմշյանին խնամակալ տրամադրելու խնդրանքն անպատասխան է մնացել

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ, կալանավորված Ալեք Ենիգոմշյանը խնամակալի կարիք ունի, սակայն այդ մասին խնդրանքը պատասխան չի ստացել:

Այս մասին հայտնել է նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը: Ներկա պահին կուրություն ունեցող Ենիգոմշյանը 2 ամսով կալանավորված է և գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության Արմավիրի քրեակատարողական հիմնարկի հիվանդանոցում:

Ենիգոմշյանի փաստաբանը նշել է, որ գրություն է ներկայացրել ՄԻՊ գրասենյակին, որ իր պաշտպանյալի տարրական պայմաններն ապահովեն, սակայն այս պահին դեռևս այդ պայմանները բավարարված չեն, գրում է Tert.am-ը:

«Ներկայումս բողոք է ներկայացվում Վերաքննիչ դատարան: Այժմ աշխատում ենք փաստաթղթերի վրա: Բավական ծավալուն փաստաթուղթ է, բոլոր խախտումներն արձանագրվել են, որ հետագայում Եվրոպական դատարանում դա վիճարկվի»,-ասել է փաստաբանը:

Բաղդասարյանը հավելել է, որ Ենիգոմշանը պնդում է՝ առաջադրվող մեղադրանքների հետ ինքը ոչ մի առնչություն չունի և գտնում է, որ քաղաքական հետապնդում է իրականացվում իր անձի նկատմամբ:

Ալեք Ենիգոմշյանը կասկածվում է հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ և ձերբակալված է: