4 օգոստոսի 2016 - 12:14 AMT
Ամերիկահայ բժիշկներն օգնում են ՀՀ-ին և Արցախին՝ սարքավորումներ և գիտելիքներ տրամադրելով

Համաշխարհային բժշկության գլխավոր քաղաքներից մեկի՝ Միացյալ Նահանգների Քլիվլենդ քաղաքի հայ համայնքը Հայաստանի բժիշկներին օգնում է ձեռք բերել բժշկական սարքավորումներ և ամենակարևորը՝ գիտելիքներ: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը:

Նրանց օգնությունը փրկում է կյանքեր և օգնում վիրավորին հիվանդանոց հասցնել:

Աշխարհահռչակ Cleveland Clinic հիվանդանոցների ցանցի անեստեզիոլոգիայի վարչության պետի տեղակալ, բժիշկ եւ բարերար Րաֆֆի Ավիտսյանի խոսքով, եթե նախկինում ուղարկում էին բժշկական սարքավորումներ, ապա Ղարաբաղում ապրիլյան պատերազմից հետո պարզ դարձավ, որ առաջին հերթին վերքերը բուժելու պիտույքների կարիք կա.

«Վերքերը բուժելու նոր ձևեր կան, որ ավելի են արագացնում վերքի կազդուրումը»:

Օգնությունը Հայաստան է ուղարկվելու Նյու Յորքից: Բժիշկ Ավիտսյանի խոսքով, Քլեվլենդում աշխատող մեկ այլ հայ բժիշկ Սկայպով հայաստանցի գործընկերներին ներկայացրել է նաև վերքերը բուժելու պլաստիկ վիրաբուժության նորագույն մոտեցումները: Ինքը Րաֆֆի Ավիտսյանը դասախոսություններով բազմիցս է անձամբ այցելել Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ:

Նրա աջակցությամբ նաև Հայաստանի բժիշկները հնարավորություն են ստանում ուսուցանել Cleveland Clinic ցանցի հիվանդանոցներում.

«Ես եթե մի տեղ պիտի օգտակար լինեմ, ինչու հարազատներիս օգտակար չլինեմ»:

Ապրիլի 2-5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմի կորուստները կազմել են 64 զինծառայող, 13 կամավորական, 4 քաղաքացիական անձ (81 կորուստ) ևս 9 զինծառայող և 2 կամավոր մահացել է ապրիլի 2-13 ժամանակահատվածում գրանցված դժբախտ պատահարներից: Հայկական կողմը նաև 120-ից ավել վիրավոր է ունեցել, որոնցից մի քանիսն ավելի ուշ մահացել են հոսպիտալներում: