Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հանձնարարել է հայտնաբերել հուլիս 29-30-ին Սարի թաղում միջադեպերին մասնակից քաղաքացիական անձանց, որոնք սադրել են բախումները: Այս մասին ասվում է Ոստիկանության հաղորդագրության մեջ:
«Ինչպես հայտնել ենք, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով՝ հուլիս 29-30-ին Սարի թաղում կատարված դեպքերի առնչությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություններ են սկսվել՝ ինչպես ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժ կիրառելու, այնպես էլ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու և նրանց տեխնիկական միջոցները վնասելու դեպքերով:
Ոստիկանության պետը օպերատիվ ծառայությունների ղեկավարներին հանձնարարել է հայտնաբերել միջադեպին մասնակից քաղաքացիական անձանց, որոնք սադրել են բախումները և բռնություն են կիրառել հավաքի մասնակիցների, լրագրողների ու ոստիկանների նկատմամբ», - նշում է Ոստիկանությունը:
Երևանի մայրաքաղաքում «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման ամբողջ ընթացքում (15 օր) ընթանում էին ցույցեր, որոնք մի քանի անգամ բախումների վերաճեցին: Հուլիսի 29-ի երեկոյան ու լույս 30-ի գիշերը ոստիկանությունը և քաղաքացիական հագուստով մարդիկ ցրել են ցույցը Սարի թաղում հատուկ միջոցների կիրառմամբ, որի ժամանակ տասնյակ մարդիկ տարբեր աստիճանների վնասվածքներ են ստացել:
Կարդացեք նաև՝ Ոստիկանների կողմից բռնության դեպքերով քրգործեր են հարուցվել