ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ` ընթացակարգ է սկսվել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և կուսակցության խոսնակԴավիթ Սանասարյանի հարցով Երեւանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության դիմումի կապակցությամբ:
Այս մասին տեղեկացրել է ՄԻՊ մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը:
Օգոստոսի 5-ին Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը նամակով դիմել էՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ խնդրելով նրա աջակցությունը խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցում:
«Հետևելով նրանց փաստաբանների հիմնավորումներին՝ «Բարև Երևանը» համոզմունք է հայտնում, որ Մարտիրոսյանի և Սանասարյանի նկատմամբ հետապնդում է իրականացվում իրենց քաղաքական հայացքների համար, որը հակասահմանադրական է: Նրանք երևանցիների կողմից ընտրված անձինք են, և նրանց կալանավորմամբ խոչընդոտվել է քաղաքացիների նկատմամբ իրենց պարտավորությունների իրականացումը, որն իրեն ժողովրդավարական հռչակած երկրի համար անհամատեղելի երևույթ է», - ասված է դիմումի մեջ:
Օգոստոսի 2-ին ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի, «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանի ու «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը։
Ղուկասյանն ու Սանասարյանը մեղադրվում են ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Հովսեփ Խուրշուդյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով` զանգվածային անկարգություններին մասնակցելու համար:
Արմեն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը:
Հուլիսի լույս 30-ի գիշերը ոստիկանությունը և քաղաքացիական հագուստով անձինք ցրել են Խորենացի փողոցում ու Սարի թաղում ի պաշտպանություն «Սասնա ծռերին» ցույցերը: Տուժել էր 73 մարդ, բերման էր ենթարկվել 165-ը, որոնցից 23-ը ձերբակալվել էին: