19 ապրիլի 2007 - 13:30 AMT
Նորվեգիայում խաչքար կկանգնեցվի ի հիշատակ Ֆրիտյոֆ Նանսենի եւ Հայոց ցեղասպանության զոհերի
Նորվեգիայի Բերգեն քաղաքում ապրիլի 21-ին կտեղադրվի խաչքար, նվիրված նորվեգացի բեւեռախույզ, գիտնական, դիվանագետ, 1922 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենին, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ին անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, 1923 թվականին հրատարակված իր «Հայաստանն ու Մերձավոր Արեւելքը» գրքում Ֆրիտյոֆ Նանսենը գրել է. «Ջարդը, որ սկսվեց 1915 թվականին, նմանը չունի մարդկության պատմության մեջ: Աբդուլ Համիդի կազմակերպած ջարդը ոչինչ էր նրա համեմատ, թե ինչ արեցին թուրքերը: Վայ հայերին, որոնք ներգրավվեցին եվրոպական քաղաքականության մեջ: Նրանց համար շատ ավելի լավ կլիներ, եթե Հայաստան անվանումը երբեք չարտաբերվեր եվրոպացի դիվանագետների կողմից»: Խաչքարի տեղադրման նախաձեռնությունը Լիտվայի Կաունասի շրջանի Հայկական ընկերությանն է: