18 օգոստոսի 2016 - 12:56 AMT
Վարչապետը հանձնարարել է հաշվել, թե վերջին տարիներին որքան գումար է ՀՀ-ն վճարել ՄԻԵԴ-ին

Կառավարությունը օգոստոսի 18-ին հանձնարարել է 18 255 եվրո տրամադրել արդարադատության նախարարությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2016 թվականի ապրիլի 7-ի վճռի պահանջները կատարելու համար, հայտնում է «Ա1+»-ը:

Որոշումն ընդունելուց հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ֆինանսների նախարարությանը հաշվել, թե վերջին տարիներին որքան գումար է Հայաստանը վճարել ՄԻԵԴ-ին.

«Ընդհանրապես մեկը պե՞տք է այս ամենի համար պատասխան տա, արդարադատության նախարարությանն էլ եմ հանձնարարում՝ զբաղվեք սրանով»,-ասաց նա։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2016 թվականի հոկտեմբերի 7-ն է:Եվրոպական դատարանը վճռել է դիմումատուին շնորհել 15,255 եվրո` որպես նյութական վնասի հատուցում, իսկ 3,000 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում: Գործը վերաբերում է 223.9 քմ մակերեսով տան և 770.3 քմ մակերեսով հողակտորի սեփականության իրավունքին: