Օգոստոսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանում «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանն իր կալանքի որոշման բողոքարկման գործով դատական նիստին դատարան չի բերվել, հայտնում է Panorama.am-ը:
Դատական նիստից հետո Մանուկյանի պաշտպան, փաստաբան Ինեսա Պետրոսյանը տեղեկացրել է, որ ինքը միջնորդել է դատարանին, որպեսզի բողոքի քննությանը ներկա գտնվի նաև իր պաշտպանյալը, և դատարանը բավարարել է միջնորդությունը:
Հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա օգոստոսի 23-ին, փաստաբանի խոսքով, ներկա կգտնվի նաև Արամ Մանուկյանը:
Ինեսա Պետրոսյանը տեղեկացրել է նաև, որ նախաքննական մարմնի ներկայացրած կալանքի միջնորդության քննարկման ժամանակ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ևս Արամ Մանուկյանի ներկայությունն ապահովված չէր, քանի որ նա նոր էր վիրահատվել: Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքում փաստաբանը նշել է, որ Արամ Մանուկյանը իր առողջական վիճակից ելնելով հնարավորություն չունի խուսափել քննությունից ու խոչընդոտել քննությանը:
«Նախաքննական մարմինն էլ ասում է, թե Արամ Մանուկյանը ծանր հանցանք է գործել, ինչն էլ միակ հիմքն է կալանավորելու համար: Մենք էլ պնդում ենք, որ Արամ Մանուկյանն ունի անբասիր վարքագիծ, ու բացառվում է, որ նա կխոչընդոտի քննությանը», -հավելել է պաշտպանը:
Ինչ վերաբերում է Արամ Մանուկյանի առողջական վիճակին, Ինեսա Պետրոսյանն ասել է, որ երեկ տեսակցել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող իր պաշտպանյալներին: «Արամ Մանուկյանի վիճակը փոքր-ինչ բարելավվել է: Բժիշկների ու հենակների օգնությամբ նա կարողացել է մեկ-երկու քայլ առողջ ոտքով առաջ գնալ: Մյուս ոտքը մի քանի ամիս չի կարող գետնին դնել»,- փոխանցել է Պետրոսյանը:
15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Երեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից «Դատապարտյալների հիվանդանոց»-ում են գտնվում Պավել և Արամ Մանուկյանները, որոնք վիրավորվել էին խմբի հանձնվելուց օրեր առաջ, ըստ պաշտոնական վարկածի, ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ: