Բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում` փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ, մշտապես բարձրաձայնել են, որ իրենք ապրանքներ ներմուծելիս կամ արտահանելիս ստիպված են լինում կատարել վճարումներ, որոնք, որպես կանոն, մի քանի անգամ ավելի բարձր են, քան գույքի արժեքը: Այս մասին օգոստոսի 18-ին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն՝ անդրադառնալով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, հայտնում է yerkir.am-ը:
«Օրինակ` եթե քաղաքացիները կատալոգներ են ներմուծում, որի արժեքը 5000 դրամ է, ստիպված են լինում 6000 դրամ վճարել մաքսավճարի համար, բացի այդ` նրանք ստիպված են կատարել մի շարք այլ վճարումներ, ներառյալ` մաքսային ներկայացուցչի կամ, այսպես կոչված, բրոքերի ծառայությունից օգտվելու համար, որոնք տատանվում են 10-15 հազարի սահմաններում»,- ասել է նախարարը:
Մինասյանը նշել է, որ այս խնդիրը լուրջ է համարվում փոքր ու միջին բիզնեսում՝ ավելորդ վճարումներ կատարելու, ինչպես նաև առանձին վարչարարական ընթացակարգերում ներգրավվելու տեսանկյունից: Նրա խոսքով՝ առանձին դեպքերում քաղաքացիները ստիպված են լինում դիմել մաքսային բրոքերի ծառայությանը, մինչդեռ ազգային օրենսդրությունը կարող է նախատեսել, որ քաղաքացիները կամ տնտեսվարողներն ինքնահայտարարագրման եղանակով, առանց որևէ ծառայությունից օգտվելու իրականացնեն ներմուծում և արտահանում:
Ըստ նախարարի՝ օրենքի փոփոխությունը էականորեն կթեթևացնի տնտեսվարողների և քաղաքացիների գործը: Մինասյանի խոսքով՝ նախագիծը, ամենայն հավանականությամբ, կընդունվի ԱԺ աշնանային նստաշրջանում: «Որքան շուտ ընդունվի օրենքը, այնքան լավ»,- ասել է նա:
Կառավարությունն օգոստոսի 18-ի նիստում հավանություն է տվել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և այն ուղարկել ԱԺ: Նախագիծը կազմվել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի և կառավարության առաջարկությամբ: