19 օգոստոսի 2016 - 14:08 AMT
Սարի թաղում լրագրողների գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել ևս 2 անձի

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար ևս երկու անձանց՝ Դ. Կ.-ին և Գ. Ա.-ին, մեղադրանք է առաջադրվել:

ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալներ Դ. Կ.-ի և Գ. Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը բավարարվել է:

2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում արդեն 4 անձանց մեղադրանք է առաջադրվել առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հուլիսի լույս 29-ի գիշերը Սարի թաղում և Խորենացի փողոցում ցույցերը ցրելու ընթացքում բերման էր ենթարկվել 165 մարդ, 73-ը հոսպիտալացվել էր: Ցուցարարներից բացի տուժել էին լրագրողներ ու Սարի թաղի հասարակ բնակիչներ:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը: Հուլիսի 19-ին ի պաշտպանություն նրանց ցույց է կազմակերպվել, որի ընթացքում բախումներ են եղել, ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր են շպրտել :