Կառավարությունը օգոստոսի 25-ի նիստում հավանություն է տվել «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Օրինագծի ընդունումը պայմանավորված է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն «Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպում» գործունեության տեսակը դառնում է լիցենզավորման ենթակա` նախկին պարզ ընթացակարգով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի փոխարեն:
Հիմնավորման համաձայն՝ մինչ վերոնշյալ օրենքի ընդունումը «Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը» համարվում էր պարզ ընթացակարգով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, որը հնարավորություն չէր տալիս իրականացնել տեղերում ստուգումներ, ինչպես «Շահումով խաղերի և խաղատների մասին» այնպես էլ «ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխանության մասով:
Կարգավորման նպատակն է մեկ միասնական մոտեցում ցուցաբերել շահույթ հետապնդող շահումով խաղերի կազմակերպման գործունեության և վերահսկողության նկատմամբ: Մասնավորապես՝ «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները հավասարապես կտարածվեն նաև ինտերնետ շահումով խաղերի վրա:
«Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքը ընդունվել է 2003-ին: Օրենքը կարգավորում է շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպման եւ կարգավորման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է դրանց նկատմամբ պետական վերահսկողությունը: Օրենքի գործողությունը չի տարածվում հեռահաղորդակցության որեւէ կապի միջոցով շահումով խաղերի կազմակերպման գործունեության վրա: Շախմատ, շաշկի, նարդի, տիր, բիլիարդ եւ նմանատիպ սպորտային բնույթի խաղերը շահումով խաղ չեն հանդիսանում, բացառությամբ թղթախաղերի տեսակների։