29 օգոստոսի 2016 - 11:03 AMT
Ինտերպոլը չի մեկնաբանում ՌԴ քաղաքացու ձերբակալությունը Երևանում

Ինտերպոլը հրաժարվել է մեկնաբանել Երևանում ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի ձերբակալության հարցը: «Ինտերպոլը հետաքննություններ չի իրականացնում և բերման չի ենթարկում` դրանով զբաղվում է կազմակերպության անդամ 190 երկրի ոստիկանությունն ըստ ազգային օրենսդրության: Ուստի, խորհուրդ ենք տալիս դիմել ՀՀ կամ ԱՄՆ իշխանություններին»,-ասել են կազմակերպության կենտրոնակայանում ի պատասխան Միրոնովի ձերբակալության հետ կապված իրավիճակը մեկնաբանելու և նրա հետախուզման մեջ Ինտերպոլի մասնակցության վերաբերյալ հարցին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Երևանում ձերբակալված Սերգեյ Միրոնովի կինը` Յուլիան, իր հերթին հայտնել է, որ աջակցություն է ստանում ՀՀ իրավապահ մարմինների կողմից:

«Ինձ թույլ են տվել տեսակցել ամուսնուս հետ, նրան թույլ են տվել տեսակցել ՌԴ հյուպատոսի հետ: Հայկական կողմը չի խոչընդոտում, ավելի շուտ` աջակցում է: Սակայն, միևնույն ժամանակ հասկանում եմ, որ, հավանաբար, նրանք ստիպված էին ձերբակալել ամուսնուս, քանի որ հարցում էր ստացվել Ինտերպոլից»,-ասել է Յուլիա Միրոնովան:

Մեկուսարանում Միրոնովին լավ են վերաբերվում, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Ամուսինս ոչ մի կապ չունի ամերիկացիների և ԱՄՆ հետ: Մենք ապրել ենք սովորական ընտանիքի պես` ես տնային տնտեսուհի եմ, մենք 2 փոքրահասակ երեխա ունենք: Նա աշխատում էր մոսկովյան ՏՏ ոլորտի ընկերությունում, աշխատանքի գնում բոլորի պես` երկուշաբթիից ուրբաթ, առավոտից մինչև երեկո: Ինձ համար սա շոկ է, ես չեմ հասկանում, ինչ կապ նա կարող է ունենալ ԱՄՆ հետ»,-ասել է Յուլիան:

Միրոնովները սպասում են դատի, որը կայանալու է օգոստոսի 29-ին` հավանաբար, ինչ-որ պաշտոնական փաստաթղթեր կներկայացվեն և կորոշվի Սերգեյին ԱՄՆ-ին արտահանձնելու հարցը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ հարցումով Հայաստանում ձերբակալվել է ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը: Նրա փաստաբան Կարեն Ներսեսյանը հայտարարել է, որ ռուսաստանցուն կասկածում են փողեր լվանալու և ռազմական տեխնոլոգիաների ապօրինի փոխանցման մեջ: Այժմ Միրոնովը ձերբակալված է և գտնվում է քննչական մեկուսարանում: Նրա արտահանձնման հարցը կորոշվի օգոստոսի 29-ին: