30 օգոստոսի 2016 - 17:55 AMT
Շտայնմայերը մերժել է Չավուշօղլուի պահանջը. Կառավարությունը չի հրաժարվի Ցեղասպանության բանաձևից

Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը մերժել է իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի պահանջը, որն ավելի վաղ հայտարարել էր, թե Բունդեսթագի պատգամավորները կկարողանան մուտք գործել Թուրքիայի տարածք` այցելել «Ինջիրլիք» ռազմակայան, եթե ԳԴՀ կառավարությունը մերժի Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևը:

«Ես որևէ կապ չեմ տեսնում և բազմիցս եմ ասել այդ մասին իմ թուրք գործընկերներին»,-պարզաբանել է Շտայնմայերը, հայտնում է Deutsche Welle-ն:

Անկարան Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո արգելել է գերմանացի խորհրդարանականների մուտքը ռազմակայան, որտեղ տեղակայված են գերմանական ինքնաթիռներ:

Շտայնմայերը նաև քողարկված ձևով սպառնացել է հրաժարվել մասնակցությունից ԻՊ դեմ պայքարին Թուրքիայի տարածքից միջազգային կոալիցիայի կազմում, եթե Անկարան շարունակի խոչընդոտել գերմանացի պատգամավորների այցելություններն «Ինջիրլիք» ռազմակայան, որտեղ տեղակայված են այդ թվում նաև գերմանական ինքնաթիռներ:

«Երբ Բունդեսթագը քննարկի Թուրքիայում գերմանացի զինծառայողների տեղակայման հարցը, համապատասխան կոմիտեների պատգամավորները պետք է հնարավորություն ունենան այցելելու ռազմակայան»,-ասել է ԳԴՀ ԱԳՆ ղեկավարը ARD հեռուստաընկերության եթերում:

Անկարայում ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն հայտարարել էր, որ «այցելությունը կախված է Գերմանիայի ձեռնարկած քայլերից»: «Եթե նրանք անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն, մենք թույլ կտանք այցելել: Սակայն, դժբախտաբար, պետք է ասեմ, որ նրանց, ովքեր անարդարացիորեն խառնվում են մեր պատմությանը և մեքենայություններ անում դրա հետ, չի կարող թույլատրվել այդ այցելությունը»,-ասել էր նա`հավելելով, թե «անհրաժեշտ քայլեր»՝ նշանակում է Գերմանիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բունդեսթագի բանաձևից հրաժարվելը և հստակեցնելը, որ չի սատարում բանաձևին:

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»: Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար:

Թուրքական արմատներով պատգամավորներից առնվազն 7-ը կողմ են քվեարկել բանաձևին։ Բանաձևին դրական է արձագանքել նաև Գերմանիայի կառավարության կազմում միակ թուրք նախարար, բանաձևի նախաձեռնող Այդան Օզողուզը: Բանաձևի ընդունումից հետո Գերմանիայում Թուրքիայի դեսպանը հետ է կանչվել Անկարա: էրդողանը հայտարարել է, որ հարկավոր է ստուգել Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորների «արյունը, քանի որ նրանց ծագումը կասկածելի է»: