26 ապրիլի 2007 - 15:23 AMT
Ղարաբաղ. ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցի փոփոխումը սովորություն է դառնում
ԱՄՆ Պետդեպարտամենտի մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցում Հայաստանի մասին կետը վերականգնվել է սկզբնական խմբագրությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունում: Ներկայումս զեկույցում գրված է «Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի շրջանները եւ Լեռնային Ղարաբաղը»:

Հիշեցնենք, որ հայակակն կողմի պահանջով անցյալ շաբաթ զեկույցի տեքստից հանվել էր «Լեռնային Ղարաբաղի օկուպացման» մասին ձեւակերպումը, սակայն ապրիլի 24-ին տեքստը կրկին խմբագրվել է:

ԱզերՏաջ-ին տված հարցազրույցում ԱՄՆ-ից ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան հայտարարել է. «Նախնական տարբերակում հայտարարությունը սխալ էր: Եթե հաշվի առնենք Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների ներկայիս փուլը, ապա դա սխալ էր: Եկեք եւս մեկ անգամ վերլուծենք` ուղղման մեջ ասվում է, որ հայկական ուժերը օկուպացրել են տարածքներ, սակայն Հայաստանի պաշտոնյաները հայտարարում են, որ իրենք չեն օկուպացրել Լեռնային Ղարաբաղը: Ինչպես տեսնում եք, մենք ուղղակի նշել ենք այն, ինչ ասում է հայկական կողմը: Ներկայումս մենք Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցությունների այն փուլում ենք, երբ կողմերը բանակցում են նրա հետագա կարգավիճակի վերաբերյալ: Այդ կարգավիճակը կորոշվի խաղաղ ճանապարհով Մինսկի խմբի միջոցով, այնպիսի միջազգային սկզբունքների հիման վրա, ինչպիսիք են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը եւ ԵԱՀԿ որոշումները:

Ուստի եթե մենք, ինչպես զեկույցի նախնական տարբերակում, սխալ հայտարարենք, որ Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը, ապա այդ հայտարարությունը կկանխորոշի կարգավիճակի վերաբերյալ բանակցությունների արդյունքը: Մենք չենք կարողանա որոշել արդյունքները, դրանք պետք է պարզաբանվեն բանակցությունների արդյունքում: Ուստի կրկնում եմ, որ մենք սխալ ենք թույլ տվել: Եվ ուղղել ենք մեր սխալը: Նշեմ նաեւ, որ մենք ոչ ոքի ազդեցության տակ չենք գտնվել: Ոմանք ասում են, որ մենք դա արել ենք սփյուռքի ինչ-որ խմբերի ճնշման տակ: Դա այդպես չէ»: