2 սեպտեմբերի 2016 - 18:59 AMT
Հարությունյան. Ոչ թուրք, ոչ էլ ադրբեջանցի մարզիկների նկատմամբ երբեք ատելություն չեմ ունեցել

Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը հայտարարել է, որ երբեք ատելությամբ լցված չի եղել ո'չ թուրք, ո'չ էլ ադրբեջանցի մարզիկների նկատմամբ: Այդ մասին նա ասել է՝ մեկնաբանելով Օլիմպիական մրցույթի կիսաեզրափակչումաշխարհի չեմպիոն, ադրբեջանցի Ռասուլ Չունաևի նկատմամբ հաղթանակից հետո պատվի առնելու ժեստը:

«Ցանկանում եմ անկեղծ նշել, որ այդ պահին զուտ մարդկային տեսանկյունից իմ ներսում ոչ մի կաթիլ ատելություն չկար Չունաև մարդու և Չունաև մարզիկի նկատմամբ: Ես երբեք ատելությամբ լցված չեմ եղել ո'չ թուրք, ո'չ էլ ադրբեջանցի մարզիկների նկատմամբ: Այդ ժեստն ինքնաբուխ ստացվեց: Ես շատ գոտեմարտեր եմ հիշում, երբ Չունաևը հայ մարզիկներին հաղթելուց հետո այդ ժեստով տոնում էր հաղթանակը: Հիշում եմ` 2014-ի աշխարհի առաջնության ժամանակ, երբ Վարշամ Բորանյանը լուրջ վնասվածքով բարձրացավ գորգ և վնասվածքի պատճառով մի քանի վայրկյանում պարտվեց Չունաևին, ամբողջ աշխարհը դրա մասին խոսեց` ասելով, որ ադրբեջանցին խայտառակեց հային, հաղթեց և պատվի առավ իր նախագահին:

Ես դա արեցի, որ ոչ մի մարզիկ Ադրբեջանից, Թուրքիայից կամ այլ որևէ երկրից երբեք նման բան իրեն թույլ չտա, քանի որ իրենք էլ մի օր պարտվելու են», - ասել է մարզիկը, մեջբերում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

«Ես` որպես մարզիկ խնդրում և դիմում եմ նրանց, որպեսզի նրանք չանեն այնպիսի ժեստեր, որով կարող են վիրավորել իմ երկիրը և ազգը: Ցանկանում եմ իմ հարգանքը արտահայտել հենց նույն Չունաևին, նա իսկապես հրաշալի մարզիկ է, կարծում եմ, որ լավ մարդ է նաև: Չէի ցանկանա, որ այդ ժեստը նրան անձնական վիրավորանք հասցրած լինի», - հավելել է նա:

Ըմբիշ Միհրան Հարությունյանը սխալ մրցավարության պատճառով զրկվեց օլիմպիական ոսկե մեդալից` դառնալով արծաթե մեդալակիր։ Նա Հայաստանում կպարգևատրվի օլիմպիական ոսկե մեդալակրին համարժեք, իսկ բողոքարկման հարցը դեռ պարզ չէ: Այս մասին հայտարարել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: