28 ապրիլի 2007 - 14:28 AMT
Թուրքիայի կառավարությունը կարող է հայտարարել վաղաժամկետ համընդհանուր ընտրությունների մասին
Թուրքիայի Գլխավոր շտաբը հանդես է եկել երկրի ղեկավարությանն ուղղված նախազգուշացմամբ, որտեղ իր մտահոգությունն է հայտնել նախագահի ընտրությունների հետ կապված իրավիճակի վերաբերյալ: «Թուրքիայի Գլխավոր շտաբը մտահոգ է այն իրավիճակի վերաբերյալ, որը վերաբերում է աշխարհիկ կարգի պաշտպանության հարցերին: Այդ թեման վերջին օրերին առաջին պլան է մղվել նախագահական ընտրությունների անցկացման կապակցությամբ: Պետք չէ մոռանալ, որ թուրքական զինված ուժերը աշխարհիկ կարգի վճռական պաշտպաններ են»,-ասվում է Գլխավոր շտաբի ինտերնետ կայքում զետեղված ռազմական գերատեսչության հայտարարության մեջ: «Թուրքական զինված ուժերը անհրաժեշտության դեպքում բացահայտ եւ հստակ են դրսեւորում իրենց դիրքորոշումը: Ոչ ոք չպետք է կասկածի դրանում»,-ընդգծվում է հայտարարության մեջ:

TRT տեղեկատվության համաձայն, նախարարների կաբինետի ղեկավար Ռեջեփ Էրդողանը շաբաթ օրը մտադիր է շտապ խորհրդակցություն անցկացնել կառավարության եւ նրա գլխավորած իսլամիստական Արդարության եւ զարգացման կուսակցության (ԱԶԿ) ղեկավարության հետ, որտեղ կքննարկվի խորհրդարան վաղաժամկետ ընտրությունների անցկացման հարցը:

Ապրիլի 27-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը, որ ներկայացնում է իշխող կուսակցությունը, չհավաքեց 367 ձայն, որ անհրաժեշտ են առաջին փուլում հաղթելու համար: Գյուլի օգտին քվեարկեց ընդամենը 357 պատգամավոր:

Ըստ թուրքական սահմանադրության, առաջին, ինչպես նաեւ երկրորդ փուլում հաղթելու համար պետության ղեկավարի թեկնածուն պետք է ստանա սահմանադրական մեծամասնության աջակցությունը:

Ընդդիմությունը միանգամից պահանջեց չեղյալ հայտարարել քվեարկության արդյունքները, համապատասխան հարցում հղելով երկրի Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանի որոշումը պետք է կայացվի մինչ մայիսի 2-ը, երբ նախատեսվում է ընտրությունների երկրորդ փուլը, հաղորդում են ԶԼՄ-ները:

Նշենք, որ թուրքական բանակը երեք անգամ ռազմական հեղաշրջում է կատարել Թուրքիայում (1960, 1971 եւ 1980 թվականներին): Բացի այդ, զինվորականների ճնշման ներքո 1997 թվականին իշխանությունից հեռացվել է կառավարության ղեկավար, իսլամիստների առաջնորդ Նեջմեթթին Էրբականը: