Պոլսահայ լրագրող, Ստամբուլի հայ համայնքի թերթերից «Ակօս»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը կատարած Օգյուն Սամասթի հետ նկարված թուրքական ոստիկանության 2 սպան, որոնք արդարացվել էին «պաշտոնական դիրքը չարաշահելու և հետաքննության գաղտնիությունը խախտելու» հիմքով իրենց դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում, այժմ գործից հեռացվել են գյուլենական լինելու պատճառով:
Նկարը արվել էր 2007-ի հունվարի 21-ին` սպանությունից 2 օր անց, երբ Սամասթը ձերբակալվել էր Թուրքիայի Սամսուն քաղաքի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունքի սպաների կողմից:
Լուսանկարում Սամասթի կողքին կանգնած այն ժամանակվա ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունքի տնօրենի պաշտոնակատար Մեթին Բալթան և նույն բաժանմունքի աշխատակից Իբրահիմ Ֆըրաթը ոչ միայն չէին պատժվել, այլ պաշտոնի բարձրացում էին ստացել, գրում է Ermenihaber.am-ը:
2007-ի հունվարի 19-ին Դինքը սպանվեց «Ակոս»-ի խմբագրատան դիմաց: Բոլոր մեղավորները դեռ դատապարտված չեն: Գործի նոր մանրամասներ են բացահայտվում: Այժմ նրա սպանության գործը դարձյալ քննում է Ստամբուլի գլխավոր դատախազության Ահաբեկչության և կազմակերպված հանցավորության բաժնի դատախազ Յուսուֆ Դողանը, որը գործի շրջանակում նոր դեմքերի է հարցաքննում: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու «ահաբեկչական կազմակերպության անդամներ» մեղադրանքով: Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում ու իրագործում: 2014 թ. մարտին ոստիկանության հետախուզության նախկին պետը մեղադրվեց Հրանտ Դինքի գործով թերանալու մեջ ու հեռացվեց հետաքննությունից, թեև սկզբում վարչական դատարանը մերժեց քննությունից նրան հեռացնելու պահանջը: Դատական տեսուչներն իբր պարզել էին, որ ոչնչացված տեղեկատվությունը կարող է կապված լինել այն շրջանի հետ, երբ Դինքը սպանվեց սպառնալիքներ ստանալուց հետո:
2015-ի Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում վերսկսվեց Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման մեղադրանքով կասկածյալ Էրհան Թունջելի դատը: Դատարանը ձերբակալության թույլտվություն տվեց, սակայն Թունջելին ազատ արձակվեց Դինքի սպանության գործով առաջին իսկ որոշումից հետո:
Կարդացեք նաև՝ Դինքի սպանության գործով նոր տեսանյութ է հայտնվել համացանցում (վիդեո)