«Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ՌԴ ավիախմբի կործանիչ և բանակային ավիացիայի օդաչուները մարտավարական զորավարժությունների շրջանակում սեպտեմբերի սկզբից կատարել են ավելի քան 30 թռիչք:
Կատարելով թռիչքային առաջադրանքները` ՄիԳ-29 կործանիչների և Մի-24 ու Մի-8 ուղղաթիռների անձնակազմները հետախուզել են տեղանքը, ուղեկցել են մոտոհրաձգային և հատուկ ստորաբաժանումների շարասյուները, տեղափոխել են նյութական պաշարներ և հետախուզական խմբեր, հայտնում է ՌԴ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:
Վարժանքի ընթացքում մշակվել են նաև Երևանի ռազմական օդանավակայանից Գյումրի ավիատեխնիկայի փոխադրման գործողություններ: Օդաչուները կապ են հաստատել կառավարման ցամաքային խմբի հետ, թռիչքներն իրականացվել են նվազագույն բարձրության վրա լեռնային ռելիեֆի պայմաններում ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին: Օդաչուները երկնքում են անցկացրել ավելի քան 35 ժամ:
2015-ի դեկտեմբերին Ռուսաստանը համալրել է Հայատանում գտնվող ռազմակայանը մարտկան և տրանսպորտային ուղղաթիռների նոր խմբաքանակով:Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան նույնպես Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ մտնող, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կազմում է: Ռազմական օդանավակայանը համատեղ օգտագործում են ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները և ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազան։ «Էրեբունիում» են կայանում հայկական զինուժի Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ, ինչպես նաև ռուսաստանյան ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները: Այժմ «Էրեբունի» ավիաբազայում տեղակայված է չորրորդ սերնդի Միգ-29 9 կործանիչ: Հունվարին ռուսական ռազմակայանը ժամանակակից ռուսական արտադրության «Տախիոն» անօդաչու սարքեր է ստացել: