Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկով կբացվի Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 2016-2017թթ. համերգաշրջանը:
«Փառատոնի առանձնահատկությունն այն է, որ հանրահայտ մենակատարներ են ժամանում Հայաստան, ովքեր Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ տալիս են կամերային համերգներ, բոլորը ունենում են վարպետության դասեր հայ պատանի երաժիշտների համար»,- հաղորդել է ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, փառատոնի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը:
Ըստ գլխավոր դիրիժորի՝ այս տարի հաջողվել է փառատոնում ներգրավել նաև հանրահայտ դիրիժորների՝ Զինայսկուն և Կարաբիին, ինչն անցած տարիներին գրեթե անհնարին էր թվում, գրում է Ա1+-ը:
Ամբողջ փառատոնի ընթացքում նվագախմբի հետ հանդես կգան մոտ 30 հայտնի հրավիրյալ և հայաստանցի երաժիշտներ, որոնց շարքում են ջութակահարներ ճապոնացի Դայշին Կաշիմոտոն, գերմանացի Յան Ֆոգլերը և ֆրանսիացի Ֆիլիպ Կասարը:
Սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 30-ը կայանալիք փառատոնը ներառելու է 10 սիմֆոնիկ և 3 կամերային համերգ, դաշնակահարուհի Նարե Արղամանյանի մենահամերգը: Բացման արարողությունը հիշարժան կդարձնի գերմանացի հանրաճանաչ ջութակահարուհի Վիվիան Հագները՝ իր Դվորժակի Ջութակի կոնցերտի ներկայացմամբ: Իսկ Վերդիի Ռիգոլետտո օպերայի համերգային կատարմամբ էլ կամփոփվի փառատոնը:
Ավանդույթի համաձայն՝ տեղի կունենան նաև հայ կոմպոզիտորների հոբելյաններին նվիրված համերգներ . սեպտեմբերի 28-ի համերգով կնշվի Լևոն Չաուշյանի 75 -ամյակը, իսկ հոկտեմբերի 25ին՝ Առնո Բաբաջանյանի 90 -ամյակը:
ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո կայացող փառատոնն իրականացվում է ՀՀ Մշակութի նախարարٳթյան աջակցությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը: