13 սեպտեմբերի 2016 - 11:06 AMT
Սիրիայի իշխանությունները պատրաստ են կատարել ՌԴ և ԱՄՆ պայմանավորվածությունները

Սիրիական կողմը պատրաստ է անշեղորեն կատարել Սիրիայի իրավիճակի կայունացմանն ուղղված ՌԴ և ԱՄՆ միջև ձեռք բերված պայմանավորվածությունները: Այդ մասին հայտարարել է Սիրիայում ռուսական Հակամարտ կողմերի հաշտեցման կենտրոնի պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սավչենկոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հրադադարը Սիրիայում հաստատվել է սեպտեմբերի 12-ի մայրամուտին, երբ մեկնարկել է մահմեդական Ղուրբան Բայրամ տոնը: Հրադադարը սահմանվել է ըստ ԱՄՆ և ՌԴ պայմանավորվածության և կտևի 10 օր, որին կհաջորդեն երկու երկրների օդային գործողությունները ջիհադական խմբավորումների դեմ:

«Հրադադարն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 12-ի երեկոյան, ռուսական կոմղը կատարել է անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքը: Սիրիական կողմն իրազեկվել է պայմանավորվածությունների մասին և իր համաձայնությունն է տվել»,-ասել է Սավչենկոն:

«5 օտարերկրյա պետություն և նույնքան միջազգայիյն կազմակերպություն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Սիրիայի բնակչությանը»,-ասել է Սավչենկոն:

Ըստ նրա, «Հաշտեցման կենտրոնը միշտ բաց է բոլոր նրանց համար, ով ցանկանում է հումանիտար օգնություն ցույց տալ Սիրիայի ժողովրդին, այդ թվում Հալեպի բնակչությանը»,-ասել է Սավչենկոն:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ավելի քան 14 ժամ տևած հանդիպումից հետո համաձայնության եկան Սիրիայում հրադադարի հաստատման վերաբերյալ: Նրանք ընդհանուր առմամաբ համաձայնության են եկել 5 փաստաթղթի շուրջ, որոնց բովանդակությունը, սակայն, «փակ կմնա» այնտեղ պարունակվող զգայուն տեղակատվության պատճառով: Ինչպես հայտնի է դարձել Լավրովի և Քերիի հայտարարություններից մամուլի ասուլիսում, հաջողվել է համաձայնության հասնել սեպտեմբերի 12-ից Սիրիայում հրադադարի հաստատման վերաբերյալ: Կողմերը համաձայնվել են նաև ընդդիմադիրների և ահաբեկիչների զատման հատուկ ռուս-ամերիկյան կենտրոն ստեղծելու, ՌԴ և ԱՄՆ զինուժի գործողությունների շրջանները տարանջատելու, Հալեպին հումանիտար օգնություն հասցնելու մասին:

Լավրովը, սակայն, նշել է, որ Սիրիայի հարցով համաձայնության իրագործման 100 տոկոսանոց երաշխիք ոչ ոք չի կարող տալ, որովհետև «շատ խաղացողներ են ներգրավված այս գործում»։