13 սեպտեմբերի 2016 - 11:52 AMT
Շաքիի ջրվեժի տնօրենը տուգանվել է 200.000 դրամով

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից սեպտեմբերի 5-ից 9-ը ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 610.000 դրամի վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել 1 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես`

Ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն

Մթնոլորտային օդի և ջրերի վերահսկողության բաժնի կողմից ջրօգտագործման թույլտվության պահանջների խախտման հիմքով «Հակոբջանյան և Գալստյան» ՍՊԸ-ի (Շաքիի ջրվեժ) տնօրենը ենթարկվել է 200.000 դրամի վարչական տուգանքի։ Ուսումնասիրության արդյունքում նախարարությունում սկսվել է ընկերության ջրօգտագործման թույլտվության վերանայման գործընթացը։

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում գտնվող Հայաստանի ամենաբարձր (18մ բարձրություն) ջրվեժի` գեղատեսիլ Շաքիի խնդիրը երկար տարիներ է, ինչ չի լուծվում:Ըստ բնապահպանների՝ ջրաղբյուրի ջրերի ոչ ճիշտ օգտագործման արդյունքում ջրվեժն այսօր, կարելի է ասել, չկա, ցամաքել է մասամբ: Շաքիի ջրերը օգտագործվում են թե՛ հիդրոէներգետիկ (ջրվեշի վրա փոքր ՀԷԿ է կառուցվել), թե՛ գյուղատնտեսական, թե՛ կենցաղային եւ այլ նպատակներով: Բացի դրանից, ջրվեժի տարածքը, որը նաեւ մասնավոր սեփականություն հանդիսացող ՀԷԿ-ի տարածք է, ամբողջովին ցանկապատված է, ինչը բնապահպանների պնդմամբ՝ խոչընդոտում է զբոսաշրջիկների ազատ ելումուտը:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 2 ակտ` 100.000 դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 1 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից`

Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի հատված 5 ծառի համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 700.000 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի՝ 6 բարդու ծառի ապօրինի հատման վերաբերյալ գործի վարույթի արդյունքում կայացվել է 100.000 դրամի 2 վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել 300.000 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևանի տարածքային բաժինն Էրեբունու 2-րդ զանգվածի 73/12 հասցեում թվով երկու ընկուզենու հատման համար հաշվարկել է 225.000 դրամի շրջակա միջավայրին պատճառած վնասի հատուցման արձանագրություն և նյութերն ուղարկել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժին։

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Շիրակի տարածքային բաժնի կողմից սորուն նյութերն առանց ծածկոցի տեղափոխելու համար կայացվել է 50.000 դրամի վարչական տուգանք։

Թափոնների տեղադրման ոլորտ

Թափոնների անձնագրերը սահմանված կարգով և ժամկետում ձեռք չբերելու համար Արագածոտնի տարածքային բաժինը մեկ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է 50.000 դրամի վարչական տուգանք:

Հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխում

Կազմվել է 110.000 դրամի 2 վարչական տուգանքի որոշում` Գեղարքունիքի և Տավուշի տարածքային բաժինների կողմից։

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է 2 դեպք և կազմվել վարչական տուգանքի 2 որոշում՝ 100.000 դրամ ընդհանուր գումարով։

Անտառների և կենսաբազմազանության բաժնի կողմից արձանագրվել է 3.5 խմ ապօրինի փայտանյութ,ինչի վերաբերյալ նյութերը վարույթի փուլում են։

Ապօրինի որսի իրականացման համար

Երևանի տարածքային բաժինը Երևան քաղաքի Գոգոլի 107 հասցեում ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված, անազատ պայմաններում պահվող գորշ արջի քոթոթի հայտնաբերման, արջի նկատմամբ դաժան վերաբերմուք դրսևորողներին պատասխանատվության ենթարկելու մասին կազմել է նյութեր և դրանք ուղարկել ՀՀ ոստիկանության քննությանը։

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 7 հատ տիրազուրկ պոլիէթիլենային ցանց, ցանցերում առկա 81 հատ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ, իսկ ցանցերն ի պահ են հանձնվել «Սևան ԱՊ» ՊՈԱԿ- ի պահեստ:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1 մլն 820.000 դրամ: