Հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովում կքննարկվի հավաքական անվտանգության ռազմավարությունը մինչև 2025թ.: Այդ մասին Մինսկում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք գործնականում համաձայնեցրել ենք հավաքական անվտանգության մասին փաստաթուղթը և ներկայացնելու ենք այն նախագահներին հոկտեմբերի 14-ին Երևանում»,-ասել է Բորդյուժան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը:
Նա նաև տեղեկացրել է Բելառուսի նախագահին ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման նախագծի մասին: «Այս գործընթացը ևս բավականին դրական է ընթանում: Կարծում եմ, նախագահները կհաստատեն որոշումը, որի համաձայն մենք կստեղծենք ՀԱՊԿ ազդեցության գոտում իրավիճակի դիտարկման կենտրոն: Կենտրոնը կկարողանա փաստաթղթային, թվային, տեսանյութերի տեսքով տեղեկատվություն փոխանակել անդամ պետությունների նման կառույցների հետ, տեսակոնֆերանսներ անցկացնել»,-ասել է Բորդյուժան:
Ըստ նրա, հանդիպմանը նաև խոսվել է կազմակերպության ուժային բաղադրիչի հզորացման մասին: «Վերջին ամիսներին մի շարք զորավարժություններ են անցկացվել հավաքական ուժերի տարբեր ստորաբաժանումների մասնակցությամբ: Առաջին անգամ Բելառուսում տեղի ունեցած զորավարժությունների ժամանակ մշակվել են փախստականների մեծ զանգվածների առաջացմանն համատեղ արձագանքելու հարցեր: Մենք մշակում ենք փախստականներին ընդունելու, զատելու, նրանց օգնություն ցուցաբերելու հարցեր»,-ասել է նա:
ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին Երևանում` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում, դա կլինի ՀՀ ներկայացուցիչը: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:Ավելի վաղ ՀԱՊԿ-ում որոշում էր կայացվել, որ 2016-ից կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է ռոտացիոն կարգով նշանակվեն անդամ պետությունների ներկայացուցիչները՝ երեքական տարով:
ՀԱՊԿ-ինանդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը: