22 սեպտեմբերի 2016 - 11:41 AMT
Վարչապետը՝ նորանշանակ նախարարների մասին. Համեստ և պարկեշտ մարդիկ են, կառավարման նոր մշակույթի կրողներ

Սեպտեմբերի 22-ին Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է նորանշանակ չորս նախարարին՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին, ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին և տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանին:

«Ֆինանսների նախարար պարոն Արամյանը հայտնի է ֆինանսական աշխարհում, երևի նրան առանձնապես ներկայացնել պետք չէ: Նա իր առաջ դրված խնդիրները լավ գիտի: Մյուս երեք նախարարը նույնպես իրենց ոլորտների կառավարիչներն են, համեստ և պարկեշտ մարդիկ են և կառավարման նոր մշակույթի կրողներն են: Ես նրանցից մեծ ակնկալիքներ ունեմ: Առաջիկայում ակնկալում եմ, որ զարգացման նոր ծրագիր կներկայացնեն: Շնորհավորում եմ և շնորհակալ եմ, որ համաձայնեցիք դառնալ մեր թիմի անդամը: Ակնկալում եմ համարձակ քայլեր։ Դուք՝ լինելով այդ ոլորտից, ունեք ձեր երազած ոլորտը կառուցելու և երկիր փոխելու հնարավորություն»,- ասել է վարչապետը, մեջբերում է Tert.am-ը:

Այնուհետև, Կարեն Կարապետյանն անմիջապես հանձնարարական է տվել գյուղատնտեսության նորանշանակ նախարարին՝ ասելով, որ Հայաստանում ամեն տարի խաղողի մթերման խնդիր է առաջանում, ինչպես այս պահին առկա է Աղավնաձոր համայնքում և պետք է խաղողի գնման գործընթաց կազմակերպել:

«Ինձ թվում է՝ մենք ունենք ժանգոտած կառավարման համակարգ, ինչի մասին կխոսենք»,-եզրափակել է վարչապետը:

Սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել՝ սկսելով ձևավորել ՀՀ նոր կառավարությունը:

Կարդացեք նաև՝Ֆինանսների, տրանսպորտի, գյուղատնտեսության ու էներգետիկայի նոր նախարարներ են նշանակվել