12 մայիսի 2007 - 16:25 AMT
ԵԽ մարդու իրավունքների գծով հանձնակատար Թոմաս Համմարբերգը կայցելի Հայաստան
Ստրասբուրգում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մասնակցեց ԵԽ նախարարների կոմիտեի 117-րդ նստաշրջանին: Իր ելույթում, նախարար Օսկանյանը հանդիպում ունեցավ Մարդու իրավունքների գծով Եվրոպայի խորհրդի հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ, որի հետ քննարկվեցին տարածաշրջանային մի շարք հարցեր, ինչպես նաեւ վերջինիս Հայաստան կատարելիք առաջիկա այցին առնչվող խնդիրներ: Նախարարը հանդիպումներ ունեցավ նաեւ ԵԱՀԿ նախագահող Իսպանիայի եւ Շվեդիայի Պետական քարտուղարների հետ: Հայաստանի պարտավորությունների կատարմանը հետեւող ԵԽ ԱԳ նախարարների կոմիտեի խմբի անդամների հետ (Ագո -ի խումբ) ունեցած զրույցում նախարար Օսկանյանը պատասխանեց Հայաստանի տարածաշրջանային կապերին եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին վերաբերող բազմաթիվ հարցերի:

Նախարարը հաստատեց, որ Հայաստանը` Եվրոպայի խորհրդի հետ մեկտեղ, շահագրգիռ է ազատ եւ արդար ընտրությունների անցկացման հարցում, ինչպես նաեւ ակնկալում է ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելություն իրականացնող խմբի դրական զեկույցը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: