ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանում։ ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Նալբանդյանն իր ելույթում անդրադարձել է ՀՀ անկախության 25-ամյակին, Բաքվի ապրիլյան ագրեսիային, Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող միակողմանի ցամաքային շրջափակմանը և այլ թեմաների:
ԱԳ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ այս տարի լրանում է Մարդու իրավունքների միջազգային դաշնագրերի 50-ամյակը և Զարգացման իրավունքի հռչակագրի 30-ամյակը: Այս հիմնարար փաստաթղթերը ամրագրում են, որ «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք: Ըստ այդմ, նրանք ազատորեն որոշում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն հետամուտ են լինում իրենց տնտեսական, հասարակական և մշակութային զարգացմանը»:
«Ինչպես հայտնի է ՄԱԿ-ի կանոնադրությունն ընդգծում է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի նկատմամբ հարգանքը՝ որպես այս կազմակերպության նպատակ: Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը խաղաղ իրացնելու ձգտմանն ագրեսիվ ռազմական արձագանքը միայն ապացուցում է նման ձգտումների իրավացիությունը և ագրեսորին զրկում է տվյալ ժողովուրդների վրա իշխելու նկրտումներից:
Ադրբեջանը համառորեն հրաժարվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների և սանձազերծած ագրեսիայի հետևանքով 1980-ականների վերջից և 1990-ականների սկզբից հայերը ջարդերի ենթարկվեցին և արտաքսվեցին իրենց բնակավայրերից: Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Անդրեյ Սախարովը դա որակեց որպես հայ ժողովրդի հանդեպ նոր ցեղասպանության վտանգ:
Այս տարի ևս, ապրիլի սկզբին Ադրբեջանը, կոպտորեն խախտելով հրադադարի համաձայնագիրը, նոր լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ առանց խտրականության թիրախավորելով քաղաքացիական կառույցները և բնակչությանը: Զոհերի թվում էին 12-ամյա մի տղա և 92-ամյա կին: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի երեք զինծառայողներ ԴԱԵՇ-ին բնորոշ ոճով գլխատվել էին, ապա ցուցադրվել ադրբեջանական քաղաքներում և գյուղերում, հրապարակվել սոցիալական ցանցերում: Ավելին, Ադրբեջանի ղեկավարը հրապարակայնորեն պարգևատրեց այդ հանցագործությունները կատարողներին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև զոհվածների մարմինների փոխանակման ժամանակ արձանագրվեց, որ Ադրբեջանական կողմից հանձնված հայ զինծառայողների մարմինների վրա առկա էին կտտանքների և խոշտանգումների անհերքելի նշաններ: Նման զարհուրելի ոճրագործությունները հեռու են քաղաքակիրթ աշխարհի տարրական նորմերից և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներ են հանդիսանում»,- ասել է նա:
Նալբանդյանը նշել է, որ ապրիլյան ագրեսիան լուրջ վնաս է հասցրել խաղաղ գործընթացին.
«Հակամարտության խաղաղ կարգավորման հանդեպ վստահության վերականգման համար անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ, որոնք կկանխեն ուժի կիրառումը և խաղաղ գործընթացի առաջմղմանը նպաստող պայմաններ կստեղծեն: Սա էր մայիսին Վիեննայում և հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների գլխավոր նպատակը: Նախևառաջ, հրամայական է այս գագաթնաժողովների ընթացքում արձանագրված և ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը. առաջին, 1994-1995 թթ.-ի հրադադարի եռակողմ, անժամկետ համաձայնագրերի լիակատար իրականացում, երկրորդ, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծում և, երրորդ, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնում:
Ի հեճուկս այս ամենին, Արցախի ժողովուրդը կարողացել է ինքնապաշտպանվել և ստեղծել ազատ և ժողովրդավար հասարակություն:
Միջնորդ պետությունների՝ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ համատեղ Հայաստանը շարունակելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:
Եռանախագահները հռչակել են հիմնախնդրի հանգուցալուծման քաղաքակիրթ բանաձևը՝ քվեաթերթիկներ փամփուշտների փոխարեն: Համանախագահ երկրների նախագահների կողմից ներկայացված առաջարկությունն ամրագրում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա որոշումը` նրա բնակչության իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման միջոցով: Միջնադարյան բարբարոսության մտածելակերպով առաջնորդվողները, ինչը դրսևորվեց ապրիլին, հազիվ թե կարողանան ընդունել ժամանակակից աշխարհի քաղաքակիրթ մոտեցումները»:
Նա նաև նշել է, որ ՄԱԿ-ը նշանակալի դերակատարություն կարող է ունենալ անհանդուրժողականություն, ռասայական խտրականություն, այլատյացություն, ծայրահեղականություն և ահաբեկչություն սնող միջավայրը փոխելու գործում:
«Հայաստանը բազմիցս դատապարտել է ԴԱԵՇ-ի ու այլ ահաբեկչական խմբավորումների կողմից իրագործված հանցագործությունները, որոնք սպառնում են ինչպես տարածաշրջանի, այնպես էլ դրանից դուրս բնակվող ժողովուրդներին: Բռնությունները չեն շրջանցել նաև սիրիահայերին։ Շատերը կորցրել են իրենց կյանքը, ոչնչացվել են հայկական բնակավայրեր, եկեղեցիներ, դպրոցներ և մշակութային կառույցներ»,- ասել է Նալբանդյանը՝ հավելելով, որ Հայաստանը շարունակաբար աջակցել և իր ներդրումն է ունեցել կանխարգելման մեխանիզմների մշակման գործում՝ մասնավորապես, Մարդու Իրավունքների խորհրդում պարբերաբար նախաձեռնելով ցեղասպանության կանխարգելման բանաձևեր:
«Որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ազգ, որը շարունակում է առերեսվել այդ ոճրագործության ժխտողականությանը՝ Հայաստանը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը` պայքարելու ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործության անպատժելիության դեմ: 2016 թվականին լրանում է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից Հայաստանի նախաձեռնությամբ ընդունված բանաձևի առաջին տարին, որով դեկտեմբերի 9-ը հռչակվել է որպես ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օր»:
Նալբանդյանն անդրադարձել է նաև «2030 օրակարգ»-ում Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների վերաբերյալ Վիեննայի գործողությունների ծրագրի ներառմանը՝ նշելով, որ Հայաստանը ողջունում է այն՝ որպես կարևոր քայլ կայուն և ընդգրկուն զարգացումը խթանելու ուղղությամբ.
«Վիեննայի գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովելու և մեր աշխատանքների առանցքում դնելու համար Հայաստանի կառավարությունն ընդունեց դրա իրագործման ազգային ռազմավարություն: Մենք դատապարտում ենք միակողմանի տնտեսական միջոցները որպես քաղաքական ճնշման գործիք օգտագործելու քաղաքականությունը:
«2030 օրակարգ»-ը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ նման գործելաոճը վնասակար է կայուն զագացման համար: Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող միակողմանի ցամաքային շրջափակումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է: Այն շարունակում է լրջորեն խաթարել տարածաշրջանային տարանցիկ հաղորդակցության ուղիները, տնտեսական համագործակցությունը և ինտեգրումը»:
Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը ողջունում է ՄԱԿ-ի առանցքային դերը նոր և համընդգրկուն օրակարգի իրականացման գործում. «Մենք չենք թերագնահատում մեր առջև կանգնած մարտահրավերները. միաժամանակ մենք պետք է ըստ արժանվույն գնահատենք մեր հնարավորությունները: Ավելի քան յոթ տասնամյակ անց պետք է դրսևորվի այնպիսի տեսլական և մոտեցում, որը հնարավոր լավագույն ապագա կերաշխավորի Կազմակերպության և դրա շուրջ համախմբված ժողովուրդների համար»,- ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանը լիովին հանձնառու է այդ նպատակներին:
Սեպտեմբերի 20-ին Էդվարդ Նալբանդյանը ելույթ էր ունեցել նաև ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի՝ փախստականների և միգրանտների հիմնախնդիրներին նվիրված բարձր մակարդակի հանդիպման ժամանակ՝ ողջունելով Փախստականների և միգրանտների մասին Նյու Յորքի հռչակագրի ընդունումը և վստահություն հայտնելով, որ հավաքական հանձնառությունների առավել արդյունավետ իրագործումը կարող է իրապես շահեկան լինել փախստականների համար
Կարդացեք նաև՝Նալբանդյան. Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան տեղահանության հերթական ալիքի հանգեցրեց