25 հոկտեմբերի 2002 - 23:28 AMT
ԱՄՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԿՈՉ ԱՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԲԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԸ
Վերջին մի քանի ամիսների ընթացքում ԱՄՆ բազիմցս կոչ են արել Թուրքիային բացել Հայաստանի հետ սահմանը` անելով դա ինչպես հրապարակայնորեն, այնպես էլ մասնավոր կարգով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուէյը: Նա հույս է հայտնել, որ Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո, Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների միջեւ այս տարի սկսված երկխոսությունը կշարունակվի եւ կբերի կոնկրետ արդյունքների: Ամերիկացի դիվանագետը նշել է, որ թուրք քաղաքական գործիչների, մասնավորապես, Թուրքիայի վարչապետ Բյուլենք Էջեւիթի hայտարարությունը հայ-թուրքական սահմանի վերաբացման հեռանկարների վերաբերյալ, որոշակի հույսեր են ներշնչում: Ղարաբաղյան խնդրի կարգավորումը կարեւորագույն խթան կհանդիսանար հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համար, ասել է Ջոն Օրդուէյնը: Սակայն դա չի նշանակում, նշել է դեսպանը, որ մինչեւ խնդրի լուծումը դրական փոփոխությունները հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր չեն: