Մոտ 20 խաղաղ բնակիչ է զոհվել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մահապարտ ահաբեկիչների կողմից իրականացված 2 պայթյունի արդյունքում:
Առաջին ահաբեկչությունը տեղի է ունեցել մզկիթի հարևանությամբ` Նոր Բաղդադ թաղամասի կենտրոնական հրապարակում: Ըստ տեղեկությունների, զոհերի թիվը կարող է հասնել 9-ի: Մոտ 15 մարդ վիրավորվել է, հայտնում է ՏԱՍՍ-ը «Աս Սումարիա» հեռուստաալիքի վրա հղումով:
Գործնականում միաժամանակ Բաղդադի հարավում` Էլ Բիյա թաղամասում պայթուցիկ է գործի դրվել տեղաբնակների ամբոխում: Վերջին տվյալներով, զոհվել է առնվազն 9 իրաքցի, 26-ը վիրավորվել է:
Ըստ ոստիկանության, ահաբեկչություններն իրականացրել են ծայրահեղականները, որոնք պայթեցրել են գոտիներին ամրակցված պայթուցիկները մարդկանց կուտակումների վայրում:
Սեպտեմբերի 25-ից Բաղդադում անվտանգության խստացված միջոցներ են սահմանվել. փակվել են կենտրոնական փողոցներից շատերը, արգելվել է անցումը հրապարակներով, ամենուր անցակետեր են, ավելացվել է ոստիկանության պարեկախմբերի քանակը: Դա պայմանավորված է նրանով, որ ոստիկանությունը տվյալներ ունի, որ Բաղդադում ԻՊ-ն ահաբեկչություններ է պատրաստում: