Ավստրալացի ռեժիսորներ Մեթյու Սալեհն ու Ռոուզ Թաքերը ֆիլմ են նկարահանել մի բանի մասին, որը միավորում է համաշխարհային մշակույթներից շատերը` խոսքը խորովածի մասին է, այդ թվում հայկական:
«Բարբեքյու» կոչվող ֆիլմը կներկայացվի փառատոներում առաջիկա ամիսներին, իսկ ավելի լայն ցուցադրությունը նախատեսվում է 2017-ին, հայտնում է Adelaide Review-ն:
9 ամսում 12 երկիր այցելելով` Սալեհն ու Թաքերը ուսումնասիրել են տարբեր երկրներում խորովածի պատրաստման հետ կապված սովորույթները, հետո այդ ամենը ներկայացնելոով հետաքրքիր, հումորային և ոգեշնչող փաստագրական ֆիլմում:
«Մենք եղանք Շվեդիայում, Ֆիլիպիններում, Մոնղոլիայում, հետո մեկնեցինք Հարավային Աֆրիկա, Հայաստան, այցելեցինք փախստականների ճամբար Սիրիայի և Հորդանանի սահմանին, Ճապոնիա, Ավստրալիա և Նոր Զելանդիա, իսկ այս տարի եղանք Ուրուգվայում, Մեքսիկայում, հետո վերադարձանք Տեխաս, որտեղ էլ ծնվել էր նման ֆիլմ նկարահանելու գաղափարը»,-ասել է Թակերը:
Ռեժիսորների հետ բազմաթիվ հետաքրքրաշարժ դեպքեր են տեղի ունեցել, որոնցից մեկը կապված է Հայաստանի հետ:
«Մենք ընտրում էինք, թե որ երկրները պետք է այցելել, երբ տեսանք մի տեսանյութ, որտեղ մի ծերունի պատմում էր հայկական խորովածի մասին` այն աշխարհում լավագույնն անվանելով: Տեսանյութը հրապարակել էր Մելբուրնում բնակվող նրա դուստրը: Տեսանյութը մոտ 5 մլն դիտում էր ապահովել: Այն մեզ զվարճալի թվաց: Մենք ուղղակի գրեցինք նրանց, և աղջիկը սենյակ գտավ մեզ համար Հայաստանում»,-պատմել է Սալեհը: