ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը:
Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանը, Հայաստանի տնտեսության ներկա վիճակին, Հարկային օրենսգրքով նախատեսվող փոփոխություններին, գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Կարապետյանն և Սամիեին կարևորել են բիզնես միջավայրի և ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ համապատասխան միջոցառումների և ծրագրերի շարունակական իրականացումը:
Անդրադառնալով 2017 թվականի պետական բյուջեի նախագծին՝ վարչապետ Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը ներկայացնելու է իրատեսական բյուջե՝ առանց չափազանցնելու առկա դժվարությունները կամ գերագնահատելու հնարավորությունները:
Կարեն Կարապետյանը կառավարության գործունեության արդյունավետությունն ապահովելու տեսակետից կարևորել է նաև կանխատեսելիության և վերահսկողության բարձրացումը:
2016 թվականի բյուջեով ծրագրված էր 1.183 տրիլիոն դրամի եկամուտ, 1.373 տրիլիոն դրամի ծախսեր, դեֆիցիտը՝ շուրջ 191 մլրդ դրամի սահմաններում: