14 մայիսի 2007 - 17:12 AMT
Նիկոլայ Բորդյուժա. ՀԱՊԿ-ը բաց է բոլորի համար
Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ) կարող է մտնել ցանկացած պետություն, նույնիսկ Իրանն ու ԱՄՆ-ն: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Ինչ վերաբերում է Իրանին` որպես Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ, ապա մենք համագործակցում ենք Իրանի հետ, հատկապես նարկոտրաֆիկի հարցերով: ՀԱՊԿ-ը բաց կազմակերպություն է եւ եթե դիմում լինի Իրանից, այն կդիտարկվի: Ես չեմ ասի, որ Իրանին կընդունեն, բայց դիմումը կդիտարկվի, ինչպես ցանկացած այլ պետության դիմում»,- հայտարարել է նա: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ կազմակերպությանն անդամակցելու դիմում կարող է ներկայացնել ցանկացած պետություն, այդ թվում ԱՄՆ-ն, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելոռուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: