Օքսֆորդի ու Քեմբրիջի, ինչպես նաև Լոնդոնի Համալսարանական և Թագավորական քոլեջների բրիտանացի բժիշկները հայտարարել են ՄԻԱՎ-ից մեծահասակ մարդու բուժման մասին:
ՄԻԱՎ-ից բուժվել է 44-ամյա բրիտանացին: Նա առաջինն է հաջողությամբ հաղթահարել հատուկ հակավիրուսային թերապիան, որին մասնակցել է 50 մարդ: Նոր մեթոդաբանությունն, ըստ գիտնականների, թույլ է տալիս հետևել և ոչնչացնել ՄԻԱՎ-ը միանգամից ամբողջ օրգանիզնում, ոչ թե միայն այն հատվածներում, որտեղ վիրուսն առավել ակտիվ է: Ինչպես վկայում են հետազոտությունները, վիրուսի պարունակությունն արյան մեջ թերապիայից հետո այնքան աննշան է, որ անալիզները բացասական արդյունք են ցույց տվել, հայտնում է Lenta.ru-ն The Sunday Times-ի վրա հղումով:
Ստանդարտ հակառետրովիրուսային թերապիան ճնշում է ակտիվ վարակված բջիջները, սակայն չի ազդում վարակված T-լիմֆոցիտների վրա: Դա նշանակում է, որ այժմ առկա դեղամիջոցները կարող են վերահսկել ՄԻԱՎ վարակի ակտիվությունը, սակայն չազատել դրանից: Գիտնականները նշում են, որ նրանց կողմից առաջարկված թերապիան դեռ անցնում է փորձարկումների շրջան և նախատեսված չէ լայն կլինիկական կիրառման համար:
Հունիսին հայտնի դարձավ, որ ՀՀ-ն օրինակելի է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրածների շարքում: «4 երկիր՝ Կուբան, Թայլանդը, Հայաստանը և Բելառուսն ամբողջությամբ վերացրել են մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը: Ես հուսով եմ, որ, հետևելով այս երկրների օրինակին, շուտով մենք ամբողջ աշխարհում կհասնենք երեխաների շրջանում «զրո» նոր դեպքերի նպատակին»,-իր ելույթում նշել էր ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:
ՀՀ-ն ուժեղացրել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում իր քաղաքական պարտավորությունները՝ ընդունելով պետական ոլորտի և քաղաքացիական հասարակության պատասխանատվությունը հանրապետության բնակչության ապագայի և բարեկեցության նկատմամբ: Ստեղծվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի, մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունների սերտորեն ինտեգրված համակարգ, որն ապահովում է հիվանդությունների վաղաժամ ախտորոշում, բոլոր կարիք ունեցողներին որակյալ բուժօգնության, առավել արդյունավետ բուժման և բժշկական այլ ծառայությունների տրամադրում: