2016-ի հոկտեմբերի 4-ին «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը շրջանառության մեջ է դրել 1 նամականիշ՝ նվիրված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեցցո-սոպրանո Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին:
Տաթևիկ Սազանդարյանը եղել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի՝ ունենալով մեծ ներդրում ազգային օպերային արվեստի զարգացման գործում:
Նամականիշի անվանական արժեքը 230 ՀՀ դրամ է, տպվել է Ֆրանսիայում՝ Կարտոր տպարանում: Նամականիշի առաջին պլանում պատկերված է Սազանդարյանը՝ Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի համանուն դերում: Դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:
Մարման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ՀՀ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում:
Մարումն իրականացրել են ՀՀ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, Հայաստանի երաժշտական միության նախագահ, մշակութային գործիչ, ՀՀ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի անդամ Դավիթ Ղազարյանը և “Հայփոստ Թրասթ Մենեջմենթ” ՓԲԸ կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը: