25 հոկտեմբերի 2002 - 19:43 AMT
ՄԻՆՍԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Հոկտեմբերի 28-ից 29-ը Բելառուս է այցելելու Հայաստանի պատվիրակությունը` մասնակցելու առեւտրատնտեսական համագործակցության հայ-բելառուսական համատեղ միջկառավարական հանձնախմբի չորրորդ նիստին: Ինչպես «Արկա» գործակալությանը տեղեկացրել են Հայաստանում Բելառուսի դեսպանատանը, հայկական պատվիրակությունը գլխավորելու է ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը: Հանձնախմբի նիստի ընթացքում ծրագրվում է քննարկել առեւտրատնտեսական համագործակցության զարգացման վիճակն ու հեռանկարները, նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, համագործակցության պայմանագրային-իրավական բազայի ընդլայնումը, սպորտի եւ տուրիզմի բնագավառում երկու երկրների փոխգործունեության ամրապնդումը: Նույն ժամանակ Բելառուս կայցելի Հայաստանի գործարար շրջանների պատվիրակությունը, որը կգլխավորի ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը: Ծրագրվում է հանդիպումների անցկացում Բելառուսի Առեւտրաարդյունաբերական պալատում, Առեւտրի նախարարությունում, այցելում մի շարք բելառուսական ձեռնարկություններ ու ֆիրմաներ: Բանակցությունների ավարտին կստորագրվի Բելառուսի եւ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատների միջեւ համագործակցության համաձայնագիր: