Եվրամիության իշխանությունները հոկտեմբերի 16-ից հետո մտադիր են քննարկել ՌԴ դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը` Սիրիայում իրավիճակի վատթարացման պատճառով, հայտնում է Meduza-ն The Wall Street Journal-ի վրա հղումով:
Ըստ պարբերականի, խոսքը սահմանափակող միջոցների մասին է մի շարք ռուս պաշտոնյաների դեմ: Դեռ պաշտոնական կարգադրություն չի տրվել պատրաստել «սև ցուցակը», սակայն, ԱՄՆ և Եվրոպայի դիվանագետներն արդեն քննարկում են հնարավոր պարամետրերը: The Financial Times-ն իր հերթին սեփական աղբյուրների վրա հղումով ասում է, որ ցանկում կարող է ընդգրկվել 12 անձ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գերմանիան քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը` Սիրիայում իրավիճակի պատճառով: Süddeutsche Zeitung-ին տված հայտարարությունում դա հաստատել է Բունդեսթագի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Նորբերտ Ռետգենը:
Հոկտեմբերի 4-ին Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հասկացրել է, որ ԱՄՆ-ն չի բացառում նոր պատժամիջոցների սահմանումը ՌԴ դեմ` ազդելու համար Մոսկվայի քաղաքականության վրա Սիրիայի հարցում:
Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ն հայտարարեց Սիրիայի գծով ՌԴ հետ երկկողմ համագործակցության կասեցման մասին: Պետդեպարտամենտը նման որոշման պատճառ է համարել Սիրիայում հրադադարի գծով ՌԴ կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելը: Մոսկվան դրանում տեսնում է «սատանայի հետ գործարքի գնալու» Վաշինգտոնի պատրաստակամությունը` Սիրիայում իշխանափոխության հասնելու համար: