23 մայիսի 2007 - 15:36 AMT
Անկարայում պայթյունի մեղսակցության կասկածանքով 7 մարդ է ձերբակալվել
Թուրքիայի ոստիկանությունն Անկարայում պայթյունի մեղսակցության կասկածանքով 7 մարդ է ձերբակալել: Ձերբակալվածների քաղաքացիությունը, ինչպես նաեւ այլ մանրամասներ, չեն հաղորդվում: Մասնավոր NTV հեռուստաալիքը վկայակոչելով ոստիկանությունում իր աղբյուրները, հաղորդել է, որ առեւտրի կենտրոնի մոտ պայթած ռումբը պատրաստվել է պլաստիկ պայթուցիկի կիրառմամբ: Սովորաբար նման սարքեր օգտագործում են քուրդ գրոհայինները: Ենթադրվում է, որ պայթյունի համար պատասխանտվություն պետք է ստանձնի քրդական ահաբեկչական PKK կազմակերպությունը: Սակայն այն հերքում է իր մասնակցությունը պայթյունին: Մինչդեռ, ոչ մի խմբավորում չի ստանձնել այդ պայթյունի պատասխանատվությունը:

Թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրությամբ, վիրավորների թվում կան օտարերկրացիներ: Նրանց քաղաքացիության մասին դեռեւս չի հայտնվում: Ոստիկանությունը կարծում է, որ պայթուցիկը գտնվել է պայուսակում, որը թողել են ավտոբուսային կանգառում առեւտրի կենտրոնի հարեւանությամբ: Չի բացառվում նաեւ, որ պայթյունն իրագործած լինի մահապարտ ահաբեկիչը:

Մինչդեռ, որոշ թուրքական ԶԼՄ-ներ հաղորդում են, որ պայթյունի համար օգտագործվել է 4 կգ պլաստիկ պայթուցիկ, որը Թուրքիա է ներկրվել Հյուսիսային Իրաքից, որտեղ գտնվում են Քրդական աշխատավորական կուսակցության հենակետերը:

Հիշեցնենք, որ հզոր պայթյունը որոտացել է երեկ երեկոյան Անկարայի խոշոր առեւտրի կենտրոններից մեկի մոտ: Ըստ քաղաքապետի, 6 մարդ զոհվել է, շուրջ 100-ը վիրավորվել: Պայթյունի վայր արդեն այցելել է երկրի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը: