24 մայիսի 2007 - 17:51 AMT
Արման Մելիքյանն առանձնապես լավատես չէ ղարաբաղյան գործընթացի հարցում
Լեռնային Ղարաբաղի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Արման Մելիքյանը առանձնապես լավատես չէ Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում հաջողության հասնելու հնարավորության հարցում: «Երբ կոնկրետ արդյունք կլինի, որին կհամաձայնվի ղարաբաղյան կողմը, այն ժամանակ էլ լավատես կլինենք: Տվյալ պահի դրությամբ ես նման դրսեւորումները ժամանակավրեպ եմ համարում»,-նշել է Մելիքյանը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի վերաբերյալ ԼՂՀ նախագահի խորհրդականը նշել է, որ Մինսկի գործընթացն այսօր վերածվել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ նախագահների բանակցությունների: Ընդ որում Մելիքյանը կրկին հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղն իրավունք ունի մասնակցել բանակցություններին: Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այն հայտարարությանը, թե միջնորդների մեղքով չէ, որ դադարեցվեց Ստեփանակերտի մասնակցությունը բանակցություններին` Մելիքյանն այնուամենայնիվ տեսնում է այստեղ համանախագահների մեղքի մի մասը, «քանի որ նրանք համաձայնվել են նման ձեւաչափի»:
Ըստ Ա.Մելիքյանի, համանախագահները նաեւ սկսում են հասկանալ, որ հայ փախստականները լուրջ գործոն են, որի անտեսումը կարող է փակուղի բերել կարգավորման հարցը: «Եթե հայ փախստականները համաձայնվեն վերադառնալ Ադրբեջան, կարելի կլինի խոսել ադրբեջանցիների վերադարձի մասին: Եթե ոչ, պետք է մտածել այն մասին, թե որտեղ պետք է ապրեն այդ մարդիկ, որտեղ է լինելու նրանց նոր հայրենիքը: Այդ տեսակետից ազատագրված տարածքներն առավել հարմար վայրն է»,-հայտարարել է Արման Մելիքյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: