Թուրքիայի Ազգային ժողովում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-ը ներկայացնող հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հոկտեմբերի 18-ին դատական հայց է ներկայացրել երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի մասնակցությամբ հայերի հասցեին վիրավորանքներ հնչեցնելու դեպքով:
Այս մասին Փայլանը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Թուրքիայի նախագահի՝ հոկտեմբերի 16-ին Տրապիզոնում հրավիրած հանրահավաքի ժամանակ մասնակիցները հայերին հասցեագրված վիրավորական կարգախոս են վանկարկել:
«Հիշեք, թե ինչ էի ասում ձեզ: Մի օր պիտի մեռնենք չէ՞: Պիտի: Բայց մի մարդու պես մեռնել կա… (Մի բան կասեի, բայց դա չեմ ասի)… մեկ էլ կնոջ պես մեռնել»,- հայտարարել է Էրդողանը:
Էրդողանի այս խոսքերն ուղեկցվել են հանրության «Հայ բիճերը մեզ չեն վախեցնի» վանկարկումներով: Ելույթի տեսագրության մեջ երևում է, որ Թուրքիայի նախագահը ոչ միայն չի փորձել դադարեցնել այս աղաղակները, այլև քթի տակ ծիծաղելով շարունակել է ելույթը:
Դրանից հետո հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ հանրահավաքի ժամանակ հնչեցված այդ ռասիստական վանկարկումների համար հայց է ներկայացնելու դատարան: