ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնին` երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով:
«Ես տեղյակ եմ, որ Հայաստանի և Լիբանանի միջև գյուղատնտեսության ոլորտում ձևավորվել են սերտ հարաբերություններ, Լիբանանի դեսպանատունը ձեռնարկում է մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններ, լիբանանցի գործարարները շահագրգռված են Հայաստանում ներդրումներ իրականացնելու գործում: Կցանկանայի շեշտել, որ մենք պատրաստ ենք լիբանանյան կողմի հետ համագործակցել տարբեր ուղղություններով և քննարկման առարկա դարձնել ներկայացվող առաջարկները», - նշել է նախարար Առաքելյանը:
Որպես համագործակցության հնարավոր ուղղություն` նախարարն առաջարկել է ուսումնասիրել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը:
Դեսպան Մաքարոնն իր հերթին համառոտ ներկայացրել է լիբանանյան գործարարների կատարած ներդրումները Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում` հատկապես կարևորելով «Գարդենիա Լեբանիզ Ֆարմս» ընկերության գործունեությունը, որի ջանքերով 2015 թվականի մայիսին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում հիմնվել են «պեկան» տեսակի ընկուզենու այգիներ:
Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ.։ 1994թ. հունիսից Լիբանանում գործում է Հայաստանի դեսպանությունը:
«ՀՀ և ԼՀ գյուղատնտեսության նախարարությունների միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը կնքվել է 2004-ին Երևանում:
«Հայաստանի Հանրապետության առևտրատնտեսական պալատի և Բեյրութի և Լեռնային Լիբանանի առևտրի, արդյունաբերության և գյուղատնտեսության պալատի միջև համագործակցութան մասին» փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել 2013-ին Երևանում: